Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Գաղտնիքի հետքով

Գաղտնիքի հետքով
14.12.2012 | 12:08

Իվան ԻԼՅԻՆ

Ռուսաստանում բոլշևիկյան հեղափոխության ամենածանր և ամենավտանգավոր «ձեռքբերումներից» մեկը իսկական ակադեմիական մակարդակի կորուստն էր: ՈՒսումնական հաստատությունները, մանավանդ համալսարանները, հենց սկզբից զոհաբերվել էին հեղափոխական միջավայրի տռփանքներին ու հավակնություններին: Նրանց ինքնուրույնությունը ծաղրի էր վերածված և ոտնահարված, կադրերի ընտրությունն ու ծրագրերի կազմումը խլվել էին գիտնականների ձեռքից և տրվել տգետ մարդկանց: Տոտալիտար պետության ամրանալուն զուգընթաց, ամբողջ ակադեմիական կյանքը` հետազոտությունը, դասավանդումը, աշխատությունների քննադատումն ու գնահատումը, ճանաչողական ոգին ու ուղղվածությունը, ջախջախված էր, խեղաթյուրված և ցածրացված: Ակադեմիան վերածված էր «հեղափոխության տեխնիկումի», գիտնականները ծնկի էին բերված, և գիտությունը, նրա ճշմարիտ նշանակությամբ, պետք է հեռանար ընդհատակ: Այդ այլասերումն ու ստորացումը մի օր կվերանան, և Ռուսաստանը կվերականգնի սեփական ակադեմիական ոգին ու մակարդակը:

Իսկ ի՞նչ է նշանակում ակադեմիա: Ո՞րն է նրա կոչումը: Ինչի՞ն պետք է ծառայեն գիտնականները, որպեսզի համալսարանական մակարդակը լինի բարձունքի վրա:
Ակադեմիան ամենաբարձր աստիճանն է կրթության և դաստիարակության ոլորտում, և դրանով էլ հենց որոշվում են դրա էությունն ու առանձնահատկությունը, քանզի նրան նախորդող աստիճանները միայն նախապատրաստում են մարդուն վերջին բարձրագույնին:
Տարրական դպրոցը մարդուն սովորեցնում է կարդալ, գրել և հասկանալ կարդացածը, երեխային սովորեցնում է կենտրոնացնել ուշադրությունն ու նպատակամղել այն մատնանշած ուղղությամբ: Լավ դաստիարակն անպայմանորեն հոգ կտանի նաև այն բանի մասին, որպեսզի մանկան մեջ արթնացնի նրա բնազդի հոգևոր կողմը` բարություն, խիղճ, արժանապատվություն, հավատ, ազգային և իրավական գիտակցություն:
Միջին դպրոցն ուսուցանում է յուրացնել մատնանշված ճանաչողական նյութն ու տեխնիկապես տիրապետել նրան. ըմբռնումը պետք է դառնա ակտիվ դատողություն, երեխայի մտահորիզոնը պետք է տարեցտարի ընդլայնվի, հիշողությունը պիտի հզորանա և հարստանա: ՈՒսուցիչը, կարծես, դառնում է միջնորդ աշակերտի և առարկայի միջև ու պատմում է նրան առարկայի մասին այն, ինչն անհրաժեշտ է համարում, ստուգելով աշակերտի ուշադրությունը, հիշողությունն ու յուրացնելու ընդունակությունը: Նա աշակերտներին է փոխանցում մտածելու կանոններն ու հնարքները, վարժեցնում է նրանց օգտագործելու այդ կանոնները, ուղղում է նրանց սխալները և տալիս ցուցումներ: Դրանով նա ասես արթնացնում և ամրացնում է դատողության ուժն իր աշակերտների մեջ, վարժեցնելով նրանց ճիշտ ուղղվածությունը և կարգապահությունը, սակայն թողնելով որոշ ժամանակ ստորադաս վիճակում: Տաղանդավոր դասատուն հավանորեն հոգ կտանի նաև, որ աշակերտների մեջ արթնացնի հետաքրքրություն սեփական առարկայի հանդեպ, նրանց մեջ սեր բորբոքի այդ առարկայի նկատմամբ ու վարակի կյանքը ճանաչելու տենչով: Լավ ուսուցիչը դասավանդման մեջ այնքան անկեղծ կրակ կներդնի, որ աշակերտները, իրենք էլ չնկատելով, կսկսեն ապրել դատողության ակտիվ ուժով` ձևավորելով սեփական ճաշակները, հայացքներն ու համոզմունքները, իսկ գլխավորը` ամրացնելով և օգտագործելով բնազդի ոգեղեն կողմը:
Եվ այդ ամբողջը նախապատրաստություն է բարձրագույն կրթությանը, ակադեմիային, որտեղ ամեն ինչ փոխվում է:
Ակադեմիան «դիմում» է ո՛չ մանուկին, ո՛չ էլ դեռահասին, այլ մտքով հասուն մարդուն, սովորեցնում է նրան ինքնուրույն ապրել և մտածել: Վե՛րջ դպրոցական սխեմաներին, պասիվ ձևով ընկալվող կարծրատիպերին, պարտադիր գործելաձևերին և չընդհատվող հսկողությանը: Սկսվում է ոգու, իմացության և մտքի ինքնագործունեությունը: Եվ դեպի այդ ինքնագործունեությունը պետք է տանի ակադեմիական դասավանդումը: Բնական է, որ ցածր կուրսերում այդ ինքնագործունեությունը հարկավոր է արթնացնել և ամրացնել խորհուրդներով ու բացատրություններով, հայտնի գործելաձևերի մասին տեղեկացնելով, սակայն բարձր կուրսերում ուսանողը պետք է փորձի ինքնուրույն մտածել և հասկանալ:
Դրանով ակադեմիական ուսուցումը, ըստ էության, տարբերվում է գիմնազիական կրթությունից: Այստեղ առաջնայինը ոչ թե հիշողության ամբարումն է, ըմբռնածի յուրացումը և մտքի տեխնիկական վարժեցումը, այլ դատողության ուժի ամրացումն ու խորացումն է, այստեղ փոխանցվում է առարկային ինքնուրույն մոտենալու ունակությունը, այն ընկալելու և հետազոտելու ձեռնահասությունը: Հենց դրա վրա է կենտրոնանում ակադեմիական դասավանդումը:
Սխալ, կուրորեն և ցավալի են վարվում այն դասախոսները, ովքեր համալսարաններում գործադրում են ուսուցման գիմնազիական եղանակը: Նրանց մոտ ակադեմիան պարզապես չի կայանում ու չի իրագործվում, որովհետև դեռ չեն «հեռացել» գիմնազիայից և համալսարանում, ճշմարիտն ասած, անելիք չունեն: Ակադեմիական քննությունները բոլորովին կոչված չեն ուսանողների հիշողությունը տանջելու և վերահսկելու պարտադրված մտածողությունը: Ակադեմիան սովորեցնում է առարկայնորեն մտածել և առարկայնորեն հետազոտել: Ակադեմիական քննությունը պետք է ստուգի ոչ թե հիշողությունը, այլ դատողության ուժը և կողմնորոշվելու հմտությունը չհետազոտված, անհայտ բաներում:
Ակադեմիան դաստիարակում է մարդուն լինել հոգեպես ինքնուրույն, ակտիվ զննող և մտածող, հետազոտող և, ուրեմն, ազատ: Նախապատրաստումն ավարտված է, «հասունության» քննությունը` հանձնված, և երիտասարդը կարող է սկսել դատողության իր ուժի իսկական զարգացումը: Առաջիկայում նրան սպասում է անմիջական հանդիպում առարկայի հետ, ստեղծագործական թռիչք` ինքնուրույն փորձարկման և հետազոտման մեջ: ՈՒ շատ լավ կլինի, եթե նա հաղորդակցվի այդ ինքնուրույնության սկզբնակետերի հետ դեռ գիմնազիայում, եթե մուտք է գործում ակադեմիական լսարան որպես ինքնուրույնություն փնտրող ունկնդիր: Այն, ինչն ակադեմիան պետք է տա նրան, հենց առարկայի հետ անմիջական հանդիպումն է, այդ հանդիպումը կազմակերպելու կարողությունը. պետք է ճիշտ վարվել սեփական «օբյեկտի» հետ` լինի դա նյութական աշխարհը, թե հոգևոր երևույթ, մաթեմատիկական մեծություն, ֆունկցիա, կենդանի բառ լեզվաբանության մեջ, պատմության խորհրդավոր իրադարձություն և այլն:
Ակադեմիական մտածողությունը սկսվում է անմիջական փորձարկումից, ակադեմիական իմացությունն իր նյութը քաղում է աղբյուրից, ակադեմիական հետազոտությունը հետազոտողի ինքնուրույն ապրումն է, պատասխանատու պայքարը` հանուն ճշմարտության, ապացուցելու և ներկայացնելու արվեստը:
Ակադեմիան պետք է սովորեցնի մարդուն «մեկուսի» ու պատասխանատու մտածողության արվեստը` հենց առարկայի «ներսում» մտածելու կարողությունը փոխանցի ամբողջական հայեցման (ինտուիցիայի) և խիստ զննման (ինդուկցիայի) ուժը: Անհող մտածողությունը կիսակրթվածության վտանգավոր գործիքն է, և այն պետք է հաղթահարվի: Ակադեմիան չի սահմանում «դոգմաներ». նա հարցեր է տալիս, փնտրում ու հետազոտում է, արգելքներ չի դնում ու չի տանում դեպի լճացում. նա ապրում է դինամիկ և ստեղծագործաբար, բայց նրա դինամիկան պատասխանատու և զգույշ է, նա փորձարկում է, կասկածում և ստուգում:
Մի խոսքով, ակադեմիան սահմանում է «մեթոդը» և սովորեցնում է կիրառել այն: «Մեթոդը» հունարեն բառ է և նշանակում է ճանապարհ դեպի նպատակ, պայքար հանուն ճշմարտության: Եվ ակադեմիան հենց դպրոցն է ինքնուրույն պայքարի` հանուն ճշմարտության: Ամբողջ կյանքի ընթացքում գիտական հետազոտողը պայքարում է ինքն իր հետ, որպեսզի ձեռք բերի ոգու անհրաժեշտ մաքրություն, սրատեսություն և ճկունություն, պայքարում է նաև առարկայի հետ, որպեսզի քննի այն, տեսնի և նկարագրի, պայքարում է և լեզվի հետ, որպեսզի կարողանա ճիշտ օգտագործել այն: Նա պայքարում է հանուն ճշմարտության, որպեսզի իրոք վերապրի այն, ամրապնդի և վերարտադրի:
Սրանով շատ բան է ասված, թերևս ամբողջը: Այժմ պետք է հասկանալի լինի, թե ինչու ենք մենք պնդում, որ ակադեմիան դաստիարակում է մարդուն լինելու ազատ, քանզի ազատությունը մարդու պատասխանատու, ստեղծագործ ինքնուրույնությունն է: Բայց հենց այդ պատճառով էլ ակադեմիան կարող է գոյություն ունենալ միայն ազատության մթնոլորտում և ստեղծագործել միայն ազատության պայմաններում: Դա կամայականության ազատությունը չէ, և չարաշահել այն չի կարելի: Դա ազատությունն է բոլոր կողմնակի պահանջներից, գիտության համար խորթ զանազան սահմանափակումներից, հետազոտողի խղճի և մտքի, որևէ ճնշումից յուրաքանչյուր քաղաքական և սոցիալական քծնողությունից: Դա արտաքին ազատություն է` ներքին կաշկանդվածության պայմաններում: Բոլոր տեսակի արտաքին միջամտությունները մերժվում են, որպեսզի հնարավոր լինի խստորեն հետևելու առարկայի և հետազոտողի խղճի պահանջներին: Այդ պատճառով էլ դա ազատություն է մարդկային նկրտումներից` հանուն աստվածային գործի վեհ նպատակին ծառայելու: Այդպիսին է ակադեմիական ազատության իմաստը:
Ահա թե ինչու ակադեմիան ամբողջովին հենված է պատասխանատվության զգացումի վրա, նրա համար անհրաժեշտ մթնոլորտը հաստատվում է մեթոդապես դաստիարակված, անկեղծ ու ազնիվ, խղճմտանքով ստուգված ճշմարտության կամքով: Սակայն հնարավոր է ընդունել, որ և՛ պատասխանատվության զգացումը, և՛ ճշմարտության ձգտումը առաջանում են ոչ միայն պարզապես ակադեմիական ոգուց, այլև կենդանի կրոնականության ոգուց: Դաստիարակելով մարդուն ազատության մեջ և վարժեցնելով նրան ներքին կարգապահության, ակադեմիան պահանջում է նրանից հաղթանակ աուտիզմի (հուն. Autos-ինքը), կամայականության և սնափառության նկատմամբ, որպեսզի նա ձեռք բերի ճշմարիտ խոնարհություն, ինչը ներհատուկ է իսկական գիտնականին:
Ամբողջ կյանքում գիտնականը կանգնած է տեսանելի ու անտեսանելի աշխարհների մեծագույն խորհրդի առաջ, Աստծո ստեղծած առարկայի անսահման խորության և բարդության առջև և, զննելով այդ կենդանի գաղտնիքն ու խորքը, ձգտում է ընկալել այն ու հետազոտել: Որքան բարձր ու նշանակալից է մարդկային ոգին, այնքան մեծ են նրա երկյուղածությունն ու խոնարհությունը: Որքան խորաթափանց է նրա հայացքը, այնքան անկեղծ է նրա հիացումը, ինչպես մատնանշել է Արիստոտելը, այնքան խիստ է նրա կարծիքն իր մասին, ինչպես ճգնավորինը: Իսկական ակադեմիկոսը գիտի սեփական սահմանները և սեփական գիտելիքների սահմանները, այդ պատճառով չի գոռոզանում և չի տառապում հպարտությունից: Խելացի ակադեմիկոսը հիանալի գիտե, թե որտեղ է սկսվում իր «հիմարությունը», ու երբեք իրեն չի համարում ամենախելացին: Նա իրեն զգում է հավերժ ուսանող, ով միշտ պիտի իմանա ոչ բավարար չափով, և ում միայն տրված է Աստծո ստեղծած աշխարհը վերծանելու երջանկությունը, լինելով միշտ պայքարի մեջ և հույս չտածելով սպառելու սեփական առարկան:
Ահա թե ինչու լուռ, հայեցող և խոր երկյուղածությունն ակադեմիական հետազոտության ճշմարիտ աղբյուրն է: Եվ այդ ակնածանքով լի խոնարհումը Աստծո արարած տիեզերական գաղտնիքի առաջ, մարդու այդ հիացումը, ով զննում է Աստծո «հետքերը» և «ճառագայթները» աշխարհի երեսին, ազնվագույն աղոթքներից մեկն են, որոնք հասանելի են մարդուն, գոհունակության և ակներևության աղոթքը, որը ոչինչ չի աղաչում և ոչնչից չի դժգոհում: Այդպիսի աղոթքը բերում է գիտնականի սեփական պարգևները` սերը առարկայի նկատմամբ, որն սպասում է, որ իրեն հետազոտեն, կամքը, որն ուղղված է ճշգրիտ ձևով հայտնաբերելու ողջ ճշմարտությունը, պատասխանատվության զգացումը ցանկացած հիմնավորման և հերքման համար: ՈՒստի ակադեմիան ոչ միայն թշնամական դիրք չունի կրոնի նկատմամբ, այլև հակառակը, այն կրոնականության ազնվագույն ձևերից մեկն է, և իսկական գիտնականի ստեղծագործական աշխատանքն էլ ծածուկ ու լուռ մի աստվածապաշտություն է: «Աստված» հասկացությունը «հիպոթեզ» չէ, սակայն Աստծո ոգին բոլոր ակադեմիական աշխատանքների և նվաճումների ճշմարիտ և որոշիչ հիմքն է:
Բոլոր դարերի մեծ գիտնականները գիտեին և բացահայտորեն խոստովանում էին դա` և՛ Կոպեռնիկոսը, և՛ Բեկոնը, և՛ Գալիլեյը, և՛ Նյուտոնը, և՛ Կեպլերը, և՛ Լայբնիցը, և՛ Բոյլը, և՛ Լոմոնոսովը, և՛ Լիբինը, և՛ ֆոն Մայերը, և Դյուբուա-Ռեյմոնը, և՛ Ֆեհները, և՛ Կառլեյլը: Նրանք սեփական ըմբռնման մասին խոսում էին աներկմիտ պարզությամբ և ակնածանքով: Նրանք փնտրում էին ոչ թե երևութականությունը, այլ նվիրական էությունը: Իսկ որպեսզի թափանցես մինչև էությունը, հարկավոր է նայել խորքը, այնտեղ, որտեղ թաքնված է տիեզերքի կենդանի գաղտնիքը, որն Աստված տվել է մեզ ստեղծագործական հետազոտության համար: Իսկական հետազոտողը դիպչում է այդ գաղտնիքին երկյուղածությամբ և, դիպչելով, շատ շուտ համոզվում է, որ տիեզերքի մտավոր ընկալումն աննկատելիորեն բերում է մարդուն դեպի Աստվածության հայեցում:
Ահա թե ինչու ակադեմիան, որը հետ է վարժվել հիանալուց և ակնածելուց, կորցրել է պատասխանատվության և սիրո զգացումը, անխուսափելիորեն այլասերվում է և դադարում է ակադեմիա լինելուց: Նա զրկվում է կենդանությունից, դադարում է ստեղծագործելուց ու սկսում է ծառայել քայքայման և կործանման դիվային ուժին, նրա «գիտնականները» թափառում են երևույթների մակերեսի վրա, կրկնում են սեփական կամ օտարների մեռած սխեմաները, մտածում են կուրորեն, մեքենայական են դարձնում իրենց աշխատանքն ու կորցնում իսկական, կենդանի առարկան:
Այդպիսին է ակադեմիան, այդպիսին է համալսարանի և յուրաքանչյուր բարձրագույն դպրոցի իսկական էությունը, դա փորձարկող և տարակուսող հետազոտության լաբորատորիան է, որը կատարվում է կրոնական հայեցման ոգով: Ակադեմիան առաջանում է ազատությունից, ստեղծագործում է ազատորեն, դաստիարակում է լինել ազատ և միաժամանակ ձգտում է ազատորեն ըմբռնել այն բարձր պարտավորությունները և այն բարձրագույն անհրաժեշտությունները, որոնց մարդը պետք է կամավոր ենթարկվի հանուն առարկայական իմացության: Նա քննում է ոչ թե նրա համար, որ ամեն ինչ տարրալուծի և քայքայի, այլ որ տեսնի ճշմարիտը, ճիշտ նկարագրի այն և ստեղծագործաբար կերտի կենսունակը: Նա, իհարկե, մտքի դպրոց է, սակայն այդ միտքը հագեցած է սիրով ու կամքով. նա քննում է, զննում և խնդությամբ ընկալում Աստծո ստեղծածը: ՈՒստի ակադեմիան պահանջում է մարդուց բարոյական լարում և կրոնական ոգեղենություն, այլապես նա չի դիպչի ամենագլխավորին և նվիրականին` խորհրդավոր աշխարհների գաղտնիքին:
Եվ առաջինը, ինչից յուրաքանչյուր ակադեմիա պետք է սկսի, դրսից պարտադրված և այդ պատճառով մեռած բոլոր մտային սխեմաների և կարծրատիպերի հաղթահարումն է: Դրանք բոլորն ազդում են մարդու մտքի, խղճի, ոգու և կամքի վրա դիաթույնի պես:

Հրապարակման պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 12995

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ